Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022 14:15
Նաիրա Բադալյան

ՊԵԿ նախագահի տեղակալը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է մաքսային ընթացակարգերի պարզեցումը

ՊԵԿ նախագահի տեղակալը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է մաքսային ընթացակարգերի պարզեցումը

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։

 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։ Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:

 

Հայկական կողմը վստահեցրել  է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում:  

 

Կողմերը  բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հետագա փոխգործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ: