Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2022 11:31
Ալինա Հովհաննիսյան

Քերոբյան. Հայաստան են ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի ՏՏ մասնագետներ

Քերոբյան. Հայաստան են ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի ՏՏ մասնագետներ

Արմինֆո. Հայաստան են ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի ՏՏ մասնագետներ։ Այս մասին RTVI-ի հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Որպես նոր բնակության եւ աշխատանքի վայր Հայաստանի  ընտրության հիմնական պատճառները, նախարարի կարծիքով, բարենպաստ բիզնես միջավայրն է, ՏՏ ոլորտի արագ զարգացումը, անվտանգությունը, լավ սնունդը, հյուրընկալությունը: Արդյունքում՝ Հայաստանում գրանցվել են ռուսական կապիտալով շուրջ 850 ընկերություններ եւ 350 անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ, 40 հազար իրավաբանական անձինք եւ ֆիզիկական անձինք մոտ 100 հազար հաշիվ են բացել հայաստանյան բանկերում:

 

Նա նաեւ հաղորդել է, որ Հայաստանի խոշորագույն հարկատու IT-ընկերությունների առաջատար 20-ում ընդգրկվել են Ռուսաստանի հետ կապված եւ վերջերս բացված մի քանի ընկերություններ: Մասնավորապես, այդ կապակցությամբ Քերոբյանը հատակել է TeamWork-ը՝ Հայաստանում Պերմի Miro ընկերության «դուստր»-ը, որը ստեղծել է թիմերի համատեղ աշխատանքի համանուն հարթակ; "DevSoft AM" - ը, որը մշակել է ծրագրային ապահովման մշակման գործիքներ եւ ինտերֆեյսի բաղադրիչներ DevExpress միջազգային մատակարարի համար; NVIDIA վիդեոքարտեր մշակող ամերիկյան ընկերությունը, որը դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում, գրասենյակ է բացել եւ հետազոտական կենտրոն կկառուցի Հայաստանում; "Յանդեքսը" հուլիսին գրասենյակ է բացել Երեւանում եւ ընդլայնում է աշխատակիցների հաստիքները Հայաստանում:

 

Միեւնույն ժամանակ Քերոբյանը նշել է, որ Հայաստանում բարձրակարգ եւ փորձառու մշակողների (senior engineer) սուր դեֆիցիտը փոխարինվել է նորեկների պակասով (junior): "Բայց այս խնդիրը հեշտությամբ լուծվում է բազմաթիվ վերապատրաստման ծրագրերով: Մենք տեսնում ենք, որ շատերը հեռանում են իրենց բանկային աշխատատեղերից կամ այլ ճյուղերից հենց ՏՏ, եւ այստեղ այդ թափուր աշխատատեղերն արագ փակվում են", - հավելել է նա:

 

Նախարարը նշել է, որ Հայաստանը "չի փորձում ներգաղթողների համար ստեղծել "հարկային դրախտ": "Եթե այս ամենը անկայուն է, դա կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան օգուտ: Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանի միջավայրն ու կյանքը մրցունակ լինի աշխարհի այլ տեխնոլոգիական կենտրոնների համեմատ", - ասել է Քերոբյանը։ Նա ընդգծել է, որ ռուսաստանցիների ներհոսքը "մեծ օգուտ է բերում տնտեսության համար" եւ "էական ներդրում հասարակության զարգացման գործում": Նախարարը հայտարարել է, որ պետությունը փորձում է լավ միջավայր ստեղծել այն մարդկանց համար, ովքեր, ընդհանուր առմամբ, հայտնվել են վատ իրավիճակում։ Մինչեւ այս բոլոր հայտնի իրադարձությունները, Քերոբյանի խոսքով, արդեն մշակվել է Երեւանը տաղանդավոր մարդկանց համար հնարավորությունների քաղաք դարձնելու ծրագիրը։ "Մենք գնում էինք այդ նպատակին, բայց այն, ինչ տեղի ունեցավ, արագացրեց գործընթացը", - եզրափակել է նա:

Նշենք, որ, վիճակագրական տվյալների համաձայն, առաջին կիսամյակում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 3 770 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 2 319 – ը՝ ժամանակավոր կարգավիճակ ունի, իսկ, համապատասխանաբար, 1 451 - ը՝ մշտական կարգավիճակ: Ընդ որում, կացության կարգավիճակ ստացածների ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են՝ 1 059 մարդ (257-ժամանակավոր կարգավիճակ, 802՝ մշտական կարգավիճակ):