Արմինֆո. Պատժամիջոցներից վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն:
Այդպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի լիակազմ նիստում պատասխանելով Ռուսաստանի հետ շփումների ինտենսիվացման առնչությամբ Արևմուտքի կողմից երկրորդային պատժամիջոցների տարածման ռիսկերի վերաբերյալ հարցին:
«Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ: Ցանկանում եմ ընդգծել, որ դա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է: Հատկապես տարվա առաջին կիսամյակում բոլորն ունեին մեծ մտահոգություններ, և մենք ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլ նաև երկկողմ ֆորմատով շատ ինտենսիվ շփվել ենք, բարձրացրել հարցեր: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն օպերատիվությամբ, թե ինչպես են և՛ Վլադիմիր Վլադիմիրին, և՛ Միխայիլ Վլադիմիրին արձագանքում այն հարցերին և խնդրանքներին, որոնք բարձրացվել են հայկական կողմից: Սա շատ կարևոր գործընկերություն է: Ես վստահ չեմ, որ Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն այս նյուանսները, չնայած նրան, որ այդ մասին մշտապես խոսում ենք, բայց դա իսկապես շատ կարևոր է: Մենք հենց նոր խոսում էինք տարբեր ուղղություններով ցորենի տեղափոխման մասին, բայց պետք է ընդգծեմ, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի, կառավարության կողմից` մեզ հաջողվել է այդ մարտահրավերները կառավարել միասին: Մեզ համար միայնակ շատ դժվար կլիներ զբաղվել դրանով», - ընդգծել է վարչապետը:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |