
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանն ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Ինչպես հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։ Երկուստեք ընդգծվել է, որ ավիաչվերթների իրականացումը կնպաստի ոչ միայն Հայաստանում և Չինաստանում զբոսաշրջության զարգացմանը, այլև երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է առավել ակտիվացնել ցուցահանդեսների կազմակերպումը։ Առաջարկվել է նաև դիտարկել բժշկական զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։
Կողմերը պայմանավորվել են առավել մանրամասն ուսումնասիրել Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունները և քայլեր ձեռնարկել քննարկման ընթացքում արծարծված հարցերն առավել իրատեսական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին Հայաստանի և Չինաստանի կառավարությունները նախաստորագրել են ուղիղ օդային հաղորդակցության մասին նոր համաձայնագիր և ստորագրել երկու երկրների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հուլիսին գերազանցել է 829 մլն դոլարը, ինչը 29,3 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, արտահանումը նվազել է 20,7 տոկոսով՝ մինչև 198,4 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 61,3 տոկոսով՝ մինչև 630,5 մլն դոլար