Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022 13:47
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացին, մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների ու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն ու արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։

 

Մտքեր են փոխանակվել նաև պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ոլորտում ավելի բարձր արդյունավետության ապահովմանը։

 

Նշենք, որ Հայաստանը 1992 թվականից Համաշխարհային բանկի անդամ է։ ՀԲ-ի հետ համագործակցության ընթացքում հանրապետությանը տրամադրվել է, ընդհանուր առմամբ,  ավելի քան 2 մլրդ դոլարի վարկեր և դրամաշնորհներ: