
Արմինֆո. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ:
Ինչպես հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար: Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսների սպասարկման համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն:
Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ:
Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը (ADB) Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից։ 2022թ. մարտի սկզբի դրությամբ բանկը Հայաստանին տրամադրել է շուրջ 1.6 մլրդ դոլարի վարկեր, դրամաշնորհներ, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն: