Արմինֆո.Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։
Նախարարության հաղորդագրության համաձայն, Վահան Քերոբյանը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշները, ընդգծելով, որ չնայած առկա մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը, «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին։ Նախարարը ներկայացրել է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, որոնք միտված են ոլորտում արտադրողականության բարձրացմանը։
Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։ Նա հատկապես կարևորել է գիտելիքահեն տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։
Հիշեցնենք, որ հունիսին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2022 թվականի կանխատեսումը՝ նախկին 1,5 տոկոսից մինչեւ 5 տոկոս:
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանը 2022 թվականը կփակի 11-12 տոկոս տնտեսական աճով՝ պետբյուջեում ամրագրված 7 տոկոսի փոխարեն:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |