
Արմինֆո. Վրաց-հայկական սահմանին բացվել է "Նինոծմինդա" նոր ավտոմոբիլային մաքսային անցակետը, որը թույլ կտա արագացնել ավտոտրանսպորտի անցանելիությունը:
Ինչպես հաղորդում է "Գրուզիա օնլայն"-ը, "Նինոծմինդա" մաքսակետում կազմակերպվել է 11 նոր ելք, որոնք հագեցած են վերահսկողության ժամանակակից համակարգերով, միջազգային փոխադրումներ իրականացնող բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների համար: Անցակետում աշխատելու են մոտ 70 մաքսավորներ։ Օրական երկու ուղղություններն էլ նախատեսված են առնվազն 600 բեռնատարի, 3000 ավտոմեքենայի եւ 8000 ուղեւորի անցման համար:
Բացի այդ, ենթակառուցվածքային աշխատանքների շրջանակում նորոգվել է շուրջ 4000 քմ տարածք, անցկացվել են նոր ստորգետնյա հաղորդակցություններ, դրենաժային ցանց, կառուցվել է ծածկ՝ ավտոմեքենաների զննման համար: Նախագիծը նախատեսում է նաև տարածքի կանաչապատում։