Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից:
«Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի (www.cba.am) «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Զգուշացումներ» բաժնում կարող եք ծանոթանալ նաև ԿԲ կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զերծարարությունների վերաբերյալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/warnings.aspx:
Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կողմից ստացվող ահազանգերը շատ կարևոր են մեզ համար՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից: Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց, խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին և ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները:
Թեմայի վերաբերյալ օգտակար հղումներ կարող եք գտնել ՀՀ կենտրոնական բանկի «ֆինանսական իրազեկվածության բարձրացման» նպատակով գործող «Ֆինանսներ բոլորի համար» կայքից հետևյալ հղումով՝ https://abcfinance.am/news.html», - ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունիսին Կենտրոնական բանկն արդեն զգուշացրել էր քաղաքացիներին արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակցի կեղծ լիցենզիայով որոշ անձանց խարդախ գործողությունների մասին, որոնք փորձում էին խոշոր ընկերության անունից հրապարակային օֆերտայի միջոցով ներգրավել հաճախորդների Հայաստանում՝ նրանց առաջարկելով ներդրումային ծառայություններ: Կենտրոնական բանկն այն ժամանակ տեղեկացրել էր, որ չլիցենզավորված գործունեություն իրականացնող կազմակերպությունը գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության գոտուց դուրս՝ քաղաքացիներին հորդորելով ցուցաբերել զգոնություն, չվստահել և չարձագանքել նման առաջարկներին և ձեռնպահ մնալ նշված առաջարկով որևէ գործարար հարաբերություն կառուցելուց: Ավելին, ԿԲ-ն հաղորդել էր, որ ներդրումային ծառայությունների լիցենզավորված մատակարարների ցանկն առկա է ԿԲ կայքում՝ https://www.cba.am/am/SitePages/fscsecurityspecialized.aspx հղումով: