
Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2022թ. հոկտեմբերի 19-ին իրականացրել է Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով առաջին կանոնավոր ուղիղ չվերթը:
Ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը և չվերթի առաջին ուղևոր Գոհար Խաչատրյանը կտրել են խորհրդանշական ժապավենը։ Արամ Անանյանը չվերթերի մեկնարկի կապակցությամբ նշել է. «Այսօր միասին տալիս ենք դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Եկատերինբուրգը ՌԴ չորրորդ քաղաքն է, որ միանում է Հայաստանի առաջին ազգային բյուջետային ընկերության թռիչքային քարտեզին։ Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների քանակը դեպի ՌԴ՝ տեսանելի ապագայում ներառելով նաև նոր ուղղություններ»։
«Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ:
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում», - ասվում է հաղորդագրությունում: