Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022 13:53
Կարինա Մելիքյան

ACBA Bank-ը դեկտեմբերի 1-ին դրամային եւ դոլարային տրանշի գծով վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 5 մլն դոլար ծավալով պարտատոմսեր

ACBA Bank-ը դեկտեմբերի 1-ին դրամային եւ դոլարային տրանշի գծով վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 5 մլն դոլար ծավալով պարտատոմսեր

Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին "ԱԿԲԱ Բանկ" ԲԲԸ-ն դրամային եւ դոլարային տրանշով վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 5 մլն դոլար ծավալի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: ինչպես վկայում են ԿԲ կայքում զետեղված ազդագրերը, դրամային եւ դոլարային թողարկումների առաջնային տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի հունվարի 31-ին:

 

Դրամային տրանշը բաղկացած է 30 հազար պարտատոմսերից ՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, 11 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ կես տարին մեկ անգամ վճարումների հաճախականությամբ: Իսկ դոլարային տրանշը բաղկացած է 50 հազար պարտատոմսերից ՝ յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով, 5 տոկոս արժեկտրոնի եկամտաբերությամբ եւ կես տարին մեկ անգամ վճարումների հաճախականությամբ: Երկու թողարկումների պարտատոմսերի մարման ժամկետը սկսվում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Ըստ ազդագրի ՝ այդ տրանշերը թողարկելու և տեղաբաշխելու մասին որոշումը ACBA Bank-ի խորհուրդն ընդունել է 2022 թվականի օգոստոսի 19-ին, իսկ Բանկի վարչության որոշումը հաջորդել է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։

 

Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող ֆոնդային շուկայի մասնակիցների ամենամյա մրցույթում, որի արդյունքներն ամփոփվել են 2022 թվականի օգոստոսին, "ԱԿԲԱ Բանկ" ԲԲԸ-ն, ելնելով 2021 թվականի ընթացքում ցուցաբերած ակտիվությունից և նախաձեռնողականությունից, հաղթող է ճանաչվել նոր անվանակարգում ՝ "Հատուկ մրցանակ" ՝ աչքի ընկնելով կապիտալի շուկայում նորարարական մեթոդների ակտիվ ինտեգրմամբ և կիրառմամբ ։

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2022թ. հունվարի 1-ի տվյալներոց, ACBA Bank-ը հաշվետու տարվա ընթացքում սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավել է 3.5 մլրդ դրամի ($7.2 մլն) միջոցներ: Տարեկան կտրվածքով ACBA Bank-ն ապահովել է այդ ցուցանիշի 23 տոկոս աճ։

 

Հիշեցնենք, որ ACBA Bank-ը հիմնադրվել է 1996 թվականին և ներկայումս հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը։ Բանկն ընդգրկված է TOP-5-ում' հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով. ակտիվներ, վարկային ներդրումներ (ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ), պարտավորություններ (3-րդ դիրք՝ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով), ընդհանուր կապիտալ, զուտ շահույթ: ACBA Bank-ը ագրոհատվածի վարկավորման մշտական առաջատարն է՝ շուկայի ընդհանուր ծավալում ավելի քան 33% բաժնեմասով։ Մասնաճյուղային ցանցի ընդգրկմամբ Բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը ՝ ունենալով 60 ստորաբաժանում, որոնցից 41-ը գտնվում են երկրի մարզերում, իսկ 19-ը՝ Երևանում: 2021 թվականին բանկն իրականացրել է բաժնետոմսերի խոշոր թողարկում, որի արդյունքում փոխել է կարգավիճակը ՓԲԸ-ից ԲԲԸ և առաջատար է դարձել բաժնետերերի թվով, որոնք 30.06.2022 թ.դրությամբ 5084-ն են: Բանկի կապիտալում այդ բաժնետերերի մասնակցության մասնաբաժինը ներկայացված է հետևյալ կերպ՝ "ԱԿԲԱ Ֆեդերացիա" ՓԲԸ - 83,80%, SJSC "Sacam International" (Credit Agricole բանկային խմբի անդամ) ՝ 4,55%, իսկ մնացած 11,66% - ը պատկանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում ՝ ԱԿԲԱ ֆեդերացիայի, ԱԿԲԱ-լիզինգի-Ա-ի և ԱԿԲԱ-բանկի աշխատակիցներին: