Արմինֆո. Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով իրականացվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության վթարավտանգ մի շարք տեղամասերի բարելավման աշխատանքներ։
Ինչպես հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, մասնավորապես, Արամավիր քաղաքում և Հացիկ բնակավայրում՝ Հ-17, Մ5-Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի կմ3+310-կմ3+963 և կմ7+750-կմ8+805 վթարավտանգ հատվածներում, նախատեսված են երթևեկության բարելավման մի շարք միջոցառումներ. կտեղադրվեն անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում։ Կառուցվում են մայթեր, բարելավվում է ջրահեռացման համակարգը, ծրագրում ներառված են նաև երթևեկելի մասի նորոգման աշխատանքներ։
Վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքներ են տարվում նաև Արմավիրի մարզի Ալաշկերտ և Հայկավան բնակավայրերում՝ Հ-15, Մ5-Արմավիր-Արգավանդ-Մարգարա ավտոճանապարհի կմ3+100-կմ3+610 և կմ5+900-կմ6+060 հատվածներում։
Նշենք, որ Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի երկրորդ ՝ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 13,4 մլն եվրո վարկ։ Ծրագրի առաջին փուլի շրջանակներում վերանորոգվել են կենսական նշանակություն ունեցող 211 կմ ավտոճանապարհներ։ Երկրորդ փուլում նախատեսվում է արդիականացնել համայնքային նշանակություն ունեցող 61 կմ ճանապարհ։ Վարկը տրամադրվել է փոփոխական սփրեդի պայմաններով' 14,5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 25,5 տարի մարման ժամկետով: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 16,76 մլն եվրո, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասնաբաժինը կկազմի 3,35 մլն եվրո։ ՀԲ-ի տվյալներով ՝ չնայած ճանապարհային ցանցի էական բարելավմանը, Հայաստանի ճանապարհների 40 տոկոսը շարունակում է մնալ վատ վիճակում ։
Հայաստանը 1992 թվականից անդամակցում է Համաշխարհային բանկին, իսկ 1993 թվականից ՝ Զարգացման միջազգային ասոցիացիային։ Ընդհանուր առմամբ, ՀԲ - ի համագործակցության ընթացքում հանրապետությանը տրամադրվել են ավելի քան 2 մլրդ դոլարի վարկեր և դրամաշնորհներ: