
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Վան Քարտ» ՍՊԸ-ի («OneCard») նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար: Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:
«Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով «CryptoOne», կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների գոյությունը՝ հանգեցնելով սպառողների դրամական միջոցների կորստին։
Հանձնաժողովի որոշմամբ՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 7 075 454 ՀՀ դրամի չափով տուգանք, որի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ չի հետեւում նմանատիպ ընկերությունների ակտիվներին: "Դրանք սպեկուլյատիվ ակտիվներ են, որոնցում ներգրավված են անձանց որոշակի խմբեր: Մենք բազմիցս նախազգուշացրել ենք մեր հասարակությանը և խնդրել ենք զերծ մնալ այդ ընկերություններում ներդրումային գործարքներին մասնակցելուց, որոնք բնութագրվում են ծայրահեղ տատանումներով և չափազանց ռիսկային են", - հայտարարել է երկրի գլխավոր բանկիրը: