Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2022 14:28
Ալինա Հովհաննիսյան

UNIDO-ն Հայաստանում գործարկել է որակի ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

UNIDO-ն Հայաստանում գործարկել է որակի ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է UNIDO ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ծրագիրը և համոզմունք հայտնել, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է երկրի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման և միջազգային ճանաչման հետ:

 

 «Լիահույս եմ նաև, որ ծրագրի արդյունքում Հայաստանի չափագիտական կարողությունները կհզորանան այնքան, որ հնարավորություն կունենան արդյունավետորեն մասնակցել ու ինտեգրվել միջազգային և տարածաշրջանային չափագիտական կառույցներին»,- հավելել է նախարարը։

 

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ֆինանսավորվում Եվրամիության կողմից: