Արմինֆո.Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագծի գործարկման մասին:
Ալի Աքբար Մեհրաբիանը էլեկտրաէներգետիկայի 22-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հավելել է. "Իրանի և Ռուսաստանի էներգահամակարգերի սինխրոնավորումն ավարտված է, իսկ առաջիկայում տեխնիկական միջոցներ կձեռնարկվեն Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգահամակարգերի ընդհանուր սինխոնացման համար":
Նա ասել է. "Քլիրինգի (փոխհաշվարկների) հարցը հարեւան երկրների հետ Իրանի էլեկտրաէներգետիկայի հիմնական ծրագրերից մեկն է, այսինքն, երբ Իրանը դրա կարիքն ունի, նա էլեկտրաէներգիա է ներկրում տարբեր երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունից, Հայաստանից եւ Թուրքմենստանից, իսկ երբ ավելցուկ ունի, այն արտահանում է կարիքավոր երկրներ":
Իրանի էներգետիկայի նախարարը փաստել է, որ երկրի էլեկտրաէներգետիկան գտնվում է լավ ուղու վրա և ունի բարձր հնարավորություններ, իսկ էլեկտրաէներգետիկայի մասերի և սարքավորումների 95% - ը արտադրվում է երկրի ներսում, հաղորդում է Parstoday-ը:
Իրանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսը բացվել է նոյեմբերի 20-ին և կընթանա նոյեմբերի 23-ին Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրի 11-րդ ցուցասրահում: Ցուցահանդեսին ներկա են 350 հայրենական ընկերություններ և 9 երկրների արտասահմանյան ընկերությունների 22 ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Չինաստանը, Թուրքիան, Իտալիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իսպանիան և Չեխիան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանն ու Իրանը մինչև 2030 թվականը երկարաձգել են էլեկտրաէներգիայի դիմաց գազի մատակարարման մասին համաձայնագիրը։ 2004 թ. Թեհրանն ու Երեւանը 20 տարի ժամկետով էլեկտրաէներգիայի դիմաց գազի փոխանակման համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, Իրանի կողմից արտահանվող գազը կսպառվի Հայաստանի էլեկտրակայանների կողմից, իսկ դրա դիմաց Իրանը Հայաստանից էլեկտրաէներգիա կներմուծի։ ՀՀ-ն Իրանից գազ է ներկրում 2009թ.կեսերից ։ Հայաստանն Իրանի հետ "Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց" բարտերային գործարքն իրականացնում է Իրանից 1 խմ կապույտ վառելիքի հաշվարկով ՝ Հայաստանից 3 կՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց ։ Գազի մատակարարումներն իրականացվում են Իրան - Հայաստան գազատարով, իսկ Հայաստանից էլեկտրաէներգիան երկու էլեկտրահաղորդման գծերով ուղարկվում է Իրան ։ Փոխադարձ մատակարարումների ծավալների ավելացման նպատակով կառուցվում է Իրան-Հայաստան երրորդ ՝ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը: Հարկ է, սակայն, նշել, որ Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միավորելու նպատակով "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը բախվել է մի շարք խնդիրների։ Եթե նախկինում հայտարարվել էր էլեկտրահաղորդման գծի նախագծի ավարտի ամսաթիվը՝ 2018 թվականի վերջին, ապա 2021 թվականի դեկտեմբերի վերջին պատասխանատու կառույցներն արդեն հայտարարել էին, որ գիծը պատրաստ կլինի մինչև 2023 թվականի վերջը։ Իրան-Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցման հիմնական կապալառուն իրանական Sunir ընկերությունն է։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107,9 մլն դոլար, որից 77 տոկոսը կտրամադրի Իրանի արտահանման զարգացման բանկը, իսկ 23 տոկոսը ՝ Sunir ընկերությունը ։