Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։
Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը․«Մեր համատեղ աշխատանքը շատ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան այդ աշխատանքի ծավալներն անընդհատ ավելացնելու համար»,-ասել է նախարարը։
Եվգենի Ժուկովն իր հերթին կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Հանադիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հերաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես քննարկվել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հետ կապված հարցեր։ Նախարարն առաջարկել է մեկտեղել ջանքերը ծրագրի իրականացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունն ու ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ընթացքը, որի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։ Քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Հանդիպման ավարտին ստորագրվել է «Գիտելիքի եւ օժանդակության տեխնիկական աջակցության իրականացում Հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության նախագծերի կենսունակության գնահատման համար» հուշագիրը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաաստանն արևային էներգիայի առումով մեծ ներուժ ունի, բայց պետք է օգտարգործել նաև քամու հնարավորությունները։ Եվգենի Ժուկովն իր հերթին նկատել է, որ մինչև 2030 թվականը նպատակ է դրվել ոլորտում ներդրումներն ավելացնել և հասցնել մինչև 100 մլրդի և Հայաստանն այս ծրագրի կարևոր մաս է կազմում։ «Շատ ուրախ եմ այս փաստաթղթի ստորագրման համար»,-ասել է Եվգենի Ժուկովը։
Նշենք, որ Հայաստանի տնտեսապես հիմնավորված հողմաէներգետիկ ներուժը գնահատվում է 450 ՄՎտ գումարային տեղադրված հզորությամբ եւ 1,26 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Հիմնական հեռանկարային տեղանքներն են Սոթքի լեռնանցքը, Բազումի լեռները, Պուշկինի և Ջաջուռի լեռնանցքները, Ապարանի և Մեղրիի շրջանները։