
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի խնդիրն է ապահովել այնպիսի թվային լուծումներ, որոնք նպաստեն երկրների միջեւ արժութային գործառնություններին՝ թվային արժույթներով։ Այդ մասին նոյեմբերի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԵԱԶԲ թվային տեխնոլոգիաների հիմնադրամն արդեն հանդես է եկել համապատասխան նախաձեռնությամբ, հայեցակարգ մշակելով անհրաժեշտ հարթակի ստեղծման մասին, որում կարող են իրականացվել բազմարժութային թվային գործարքներ։ Այդ հայեցակարգն ուղարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկեր՝ քննարկումների համար։ "Կարծում եմ, որ այդ ուղղությունն առաջիկա տարիներին կզարգանա եւ կխորանա", - նշել է ԵԱԶԲ փոխնախագահը:
Անդրադառնալով բանկի կողմից հայտարարված թվային լուծումների երկրորդ մրցույթին՝ Տիգրան Սարգսյանը նշել է հայկական ընկերությունների մասնակցությունը առաջին մրցույթին։ Ցավոք, ինչպես ընդգծել է Տիգրան Սարգսյանը, նրանցից ոչ մեկը հաղթող չդարձավ։ Նա հույս է հայտնել, որ հայ ծրագրավորողներն ավելի ակտիվ մասնակցություն կունենան նոր մրցույթին։ ԵԱԶԲ փոխնախագահը հիշեցրել է, որ վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն ակտիվորեն զարգանում է, ի հայտ են գալիս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերություններ, որոնք հաջող լուծումներով մասնակցում են բազմաթիվ միջազգային նախագծերի: "Մենք, իհարկե, կցանկանայինք ներգրավել այդ ընկերություններին, այդ թվում ՝ Եվրասիական թվային խնդիրների լուծման համար", - ասել է Տիգրան Սարգսյանը։