Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի:
ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ ամրագրված թիրախային նպատակների իրագործման համար նախատեսվում է մշակել և հաստատել մինչև 2026 թվականի գործողությունների պլանը: Նախնական և միջին մասնագիտական ոլորտում շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծը, որում ամրագրվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասին դրույթները: Նշված ծրագրերում շեշտադրված է կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը, որը ենթադրում է մասնավոր հատվածի հետ համագործակցություն:
Այս համատեքստում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծման գործում ԱԶԲ աջակցության հնարավորությունները:
«Մենք գնահատում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք լավագույն փորձի կիրառմամբ և համագործակցությամբ նախագծել պետություն-մասնավոր հատված ճանապարհային քարտեզ՝ շոշափելի արդյունքներ գրանցելու հստակ նպատակադրմամբ»,- ասել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Քննարկման ընթացքում նշվել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհային քարտեզը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացման և կառավարման, ծառայությունների մատուցման առաջխաղացում, որին միտված են նաև կրթության ոլորտի ռազմավարական ծրագրերը:
Կողմերն անդրադարձել են նաև համագործակցության ընթացիկ և նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը դպրոցների սեյսմիկ պայմանների բարելավման ծրագրի իրականացմանը կուղվեն 986 մլն դրամ, որից 80% - ը ԱԶԲ-ի վարկային միջոցներն են, 20% - ը ' ՀՀ կառավարության ներդրումը: Ծրագրի շահառու են դարձել 46 հայկական դպրոցներ, որոնցից 14-ը մայրաքաղաքային են, համապատասխանաբար, 32-ը գտնվում են հանրապետության մարզերում։ Ուսումնական հաստատություններն ընտրվել են ՝ հաշվի առնելով դրանց կառուցման տարին, սեյսմիկ անվտանգության մակարդակը և տեխնիկական վիճակը ։ Աշխատանքների ավարտից հետո դպրոցները կդառնան սեյսմակայուն նաև 9 բալանոց երկրաշարժի դեպքում։ Հաղորդվում է, որ դպրոցներում կտեղադրվեն նաև վերելակներ, և կապահովվեն ներառական կրթության պայմանները։ Ընդհանուր առմամբ, անվտանգ կրթական պայմաններ կապահովվեն 20 հազար դպրոցականների համար։