
Արմինֆո. Հայաստանն ու Թուրքիան աշխատանքներ են տանում բեռների ավիափոխադրումների գործարկման ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է ermenihaber կայքը ՝ հղում անելով թուրքական "Hurrriyet" թերթին։
Աղբյուրի համաձայն, բացի դրանից մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար տեխնիկական աշխատանքներ են իրականացնում:
«Օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022թ-ի ավարտը: Լրատվամիջոցի դիտարկմամբ, այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան», - նշում է աղբյուրը:
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուսի կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը: Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման: Աղբյուրի փոխանցմամբ այդ հարցով շաբաթներ առաջ տեղի է ունեցել հանդիպում փորձագետների մակարդակով։ Սակայն այս առումով հստակ քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները: