Արմինֆո. Ասիական զարգացման բանկը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրեն, համապատասխանաբար, 100 մլն դոլար և 100 մլն եվրո՝ ֆինանսական կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի իրագործման համար: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում վավերացրել է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված վարկային համաձայնագրերի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի խոսքով ՝ երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են 2022 թվականի նոյեմբերի 17-ին։ Վարկային միջոցներն ուղղվելու են 2022 թվականի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Այդ իսկ պատճառով վարկային միջոցների ժամանակին ստացումը մեծ նշանակություն ունի երկրի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից։ Մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը պարտադիր պայման է բյուջետային աջակցության միջոցներ ստանալու համար։ Ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է ֆիսկալ պլանավորման, թափանցիկության, պետական ծախսերի, ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաեւ պետական ներդրումների համակարգում բարեփոխումների իրականացում, ներառյալ պետական-մասնավոր գործընկերության համակարգը, պետական գնումների համակարգի արդիականացում, "կանաչ" տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ուժեղացում եւ "կանաչ" ֆինանսական գործիքների օգտագործման ընդլայնում, պետական պարտքի կառավարման համակարգի կատարելագործում, կապիտալի շուկաների զարգացում, կորպորատիվ թափանցիկության ընդլայնում' հաշվապահական հաշվառման իրավանորմատիվային հիմքի և ֆինանսական կարգավորման վերանայմամբ: Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար, ինչը ենթադրում է, որ այն կշարունակվի նաեւ հաջորդ ֆինանսական տարում։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ վարկային միջոցները տրամադրվել են լողացող տոկոսադրույքով ' SOFR+0.6% մարժայով: Վարկային համաձայնագրի ժամկետը 12 տարի է, որից 3-ը արտոնյալ են, ինչը համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն, ներգրավվող վարկային միջոցները պետք է ներառեն առնվազն 30% դրամաշնորհային տարր: