Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022 18:44
Ալեքսանդր Ավանեսով

Ամանորյա տոներին ՊԵԿ-ը ստուգելու է շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները

Ամանորյա տոներին ՊԵԿ-ը ստուգելու է շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները

Արմինֆո. Ամանորյա տոնակատարություններով պայմանավորված՝ տնտեսական գործունեության որոշակի ոլորտներում ակնկալվում է իրացման շրջանառությունների կտրուկ աճ:

Այս նպատակով ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը դեկտեմբերի 28-ից մինչև 2023թ. հունվարի 2-ը նախաձեռնում է հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության շուրջ 550 օբյեկտում  կանխարգելիչ միջոցառումներ` այցելությունների միջոցով: Այդ մասին ասվում է ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

«Նախատոնական ու տոնական օրերին, ինչպես փորձն է ցույց տալիս, տնտեսվարողների իրացման շրջանառությունների ծավալների աճին զուգընթաց, կարող է ավելանալ նաև վարձու աշխատողների քանակը: ՊԵԿ-ը հորդորում է  տնտեսվարողներին ցույց տալ իրական պատկերը: Հարկային մարմինը նաև ակնկալում է, որ կհայտարարագրվեն կորպորատիվ և ավանդական միջոցառումներին մասնակցող հանդիսավարներին և շոուբիզնեսի ներկայացուցիչներին վճարվող եկամուտները, այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում նրանց վճարված եկամուտները:

 

Ամանորյա տոնակատարությունների ընթացքում այս մշտադիտարկումները ՊԵԿ-ի աշխատակիցները տնտեսվարողների մոտ կիրականացնեն՝  առանց խոչընդոտելու ու միջամտելու տվյալ օբյեկտների բնականոն գործունեությունը: Արդյունքները հետագայում  համադրվելու են հարկ վճարողների կողմից ցույց տրված համապատասխան ցուցանիշների հետ, եթե կլինեն անհամապատասխանություններ, ապա այդ մասին տնտեսվարող սուբյեկտը կծանուցվի, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ  հսկողական միջոցառումներ կանցկացվեն պարբերաբար` արդեն 2023 թվականի  ամբողջ հարկային տարվա ընթացքում», - նշված է հաղորդագրությունում: