Երկուշաբթի, 16 Հունվարի 2023 18:34
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենին:

Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար:

 

Քննարկվել են երկու երկրիների միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների ՝ Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2022թ. հունվար-նոյեմբերին կազմել է 454.8 մլն դոլար, որը 79.2%-ով գերազանցել է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Մասնավորապես, արտահանումը գերազանցել է 97.4 մլն դոլարը՝ տարեկան 35.9% աճով, ներմուծումն աճել է 96.2% - ով՝ մինչեւ 357.4 մլն դոլար: