
Արմինֆո.Բեռլին այցի շրջանակում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ:
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները:
Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 86.6 մլն դոլար, ինչը 44.7%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Մասնավորապես, արտահանումն աճել է 7,9% - ով ՝ մինչև 20,3 մլն դոլար, ներմուծումը՝ 61,5%-ով՝ մինչև 66,3 մլն դոլար: