
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմա Աթայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստին: Տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հաստատել են ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունում:
Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 2023 թվականի փետրվարի 2-3-ը Ալմաթի քաղաքում տեղի կունենա ԵՄԿԽ-ի հերթական նիստը և թվայնացման "Digital Almaty. "Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ" միջազգային համաժողով։ Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:
Գերատեսչության տվյալներով՝ նիստին հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում համաձայնագիր կստորագրեն արժութային իրավահարաբերությունների կարգավորմանը համաձայնեցված մոտեցումների մասին, հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:
"ԵՄԿԽ նիստի օրակարգը, որն, ավանդույթի համաձայն, կանցնի նեղ և ընդլայնված կազմերով, ընդգրկում է առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն սպեկտր և այլ արդիական թեմաներ։ Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն Digital Almaty ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար համաժողովի աշխատանքներին ակնկալվում է ականավոր քաղաքական և հասարակական գործիչների, խոշոր թվային ընկերությունների ղեկավարների, IT-բիզնեսի առաջատարների և թվային ոլորտի փորձագետների մասնակցություն", - հաղորդել են Ղազախստանի ԱԳՆ-ում։
Բացի այդ, համաժողովի շրջանակում տեղի կունենա թեմատիկ նախագծերի միջազգային ցուցահանդես և Digital Almaty Awards մրցանակաբաշխության արարողություն: