
Արմինֆո. Հայաստանի յոթ մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացրած շինարարական կազմակերպությունները պետբյուջեից կստանան 1,412 մլրդ դրամ։ Այդ մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով ՝ միջոցները կուղղվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման իր պարտավորությունները կատարելու նպատակով ։ Խոսքը 2021-2022 թվականներին հաստատված և, հիմնականում, ավարտված ծրագրերի մասին է։ Միջոցները կստանան 7 մարզերի 17 բնակավայրերում աշխատանքներ իրականացրած շինարարական կազմակերպությունները, որտեղ իրականացվել է 25 սուբվենցիոն ծրագիր, որից 19-ը՝ 2022 թվականին։
Ըստ ներկայացված որոշման նախագծի՝ Արագածոտնի մարզպետարանը 1 ծրագրի համար կստանա 3,5 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետարանը՝ 80,1 մլն դրամ, Լոռու մարզպետարանը՝ 30 մլն դրամ՝ 2 ծրագրի համար, Կոտայքի մարզպետարանը՝ 185 մլն դրամ 10 ծրագրի համար, Շիրակի մարզպետարանը ՝ 548 մլն դրամ 4 ծրագրի համար, Սյունիքի մարզպետարանը՝ 198 մլն դրամ 4 ծրագրի համար, և Տավուշի մարզպետարանը՝ 366 մլն դրամ 3 ծրագրի համար:
Սանոսյանը բոլոր ծրագրերից առաննձնացրել է Գյումրիին ուղղված մեկ ծրագիր, որին ուղղվելու է 447 մլն դրամ։ Այդ միջոցներով 50 պետական ոչ առևտրային կազմակերպությունների տանիքներին տեղադրվել են 1,7 ՄՎտ ընդհանուր սահմանված հզորությամբ արևային էլեկտրակայաններ, ինչը, նախարարի խոսքով, շատ կարևոր իրադարձություն է էներգաարդյունավետության և "կանաչ միջավայրի" ձևավորման տեսանկյունից։