Ուրբաթ, 3 Փետրվարի 2023 13:53
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը: Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում։

 

«ԵԱՏՄ տնտեսության պատասխանատու նախարարների այսօրվա քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի և աշխարհի զբոսաշրջային թրենդերը և Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ԵԱՏՄ֊ում զբոսաշրջության զարգացման մեր տեսլականը։

 

Բացի այդ, քննարկել ենք այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են տեխնոլոգիական առաջընթացն ու աշխատանքի արտադրողականությունը, թվային տրանսֆորմացիան, կլիմայական փոփոխությունները, նանո֊, կենսա֊ և թվային տեխնոլոգիաների առանցքային դերը վեցերորդ արդյունաբերական տրանսֆորմացիայում, պետությունների և կառավարությունների դերի ընդլայնումը աշխարհի երկրների տնտեսությունների զարգացման մեջ և այլն», - գրել է Քերոբյանը։

 

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստան է այցելել 1.67 մլն զբոսաշրջիկ, ինչը 2 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը, և մի քանի անգամ՝ 2020 թվականի ցուցանիշը։ Սակայն նախաքովիդյան արդյունքները (2019թ.) գերազանցել այդպես էլ չի հաջողվել (1.89 մլն զբոսաշրջիկ) ։ Ընդ որում, ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում ՌԴ քաղաքացիներին (46%), որին հաջորդում են Վրաստանի (11%), Իրանի (7%), ԱՄՆ-ի (3%), Գերմանիայի (1%) քաղաքացիները: