Ուրբաթ, 3 Փետրվարի 2023 16:11
Ալինա Հովհաննիսյան

Դեսպան Անն Լույո. Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ

Դեսպան Անն Լույո. Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին: