Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023 12:10
Նաիրա Բադալյան

Հարկային բեռի ավելացում, կոռուպցիոն ռիսկեր և պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների մենաշնորհում. ԱԱՊՀ-ը՝ առաջարկվող Առողջապահության համապարփակ ապահովագրության ռիսկերի մասին

Հարկային բեռի ավելացում, կոռուպցիոն ռիսկեր և պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների մենաշնորհում. ԱԱՊՀ-ը՝ առաջարկվող Առողջապահության համապարփակ ապահովագրության ռիսկերի մասին

Արմինֆո. Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը:

Այդ մասին ասվում է Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Հայ-բրիտանական ձեռներեցության պալատի եւ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հայտարարությունում:

 

«ՀՀ առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետ ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն եւ ապահովել հասարակության բոլոր անդամների իրավունքների ու պարտականությունների ներդաշնակ իրականացումը:

Չնայած ՀՀ կառավարության կողմից հայտարարված հարկային բեռի օպտիմիզացման քաղաքականության՝ փաստացի տեղի է ունենում հարկային բեռի ավելացում քաղաքացիների եւ բիզնեսի վրա։ Ինչը գործարարների շրջանում ավելացնում է անորոշությունը եւ անկանխատեսելիությունը:

Ըստ էության նոր հարկատեսակի ներդրումը ռիսկեր է պարունակում նաեւ ստվերային տնտեսության ավելացման մասով՝ իր բոլոր բացասական հետեւանքներով։

Հայեցակարգի «Առողջության համապարփակ ապահովագրություն» անվանումը չի համապատասխանում էությանը, քանի որ ներկայացված հայեցակարգում իրականում սոցիալական ապահովության համակարգ է նկարագրված: ՀՀ օրենսդրության համաձայն, ապահովագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման, ինչպես նաեւ համապատասխան վերահսկման՝ ՀՀ ԿԲ կողմից։

ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։ Այսինքն, փաստացի առողջապահության նախարարի ձեռքում են կենտրոնանալու քաղաքականությունը եւ բոլոր գործառույթների իրականացումը։ Դա ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը՝ հատկապես հաշվի առնելով շահերի բախումը։

Անգամ Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունների ձեւերը սահմանվելու են նույն կառավարման խորհրդի կողմից։

Հիմնադրամի բյուջեն դուրս է մնում ՀՀ ֆինանսների նախարարության հսկողությունից, քանի որ առաջարկվում է պետական բյուջեում արտացոլել միայն հիմնական ֆինանսական ցուցանիշները (պլանավորված եկամուտներն ու ծախսերը, նախատեսվող դեֆիցիտը/ավելցուկը, վարչական ծախսերի տեսակարար կշիռը եւ այլն):

Հիմնադրամի գործունեությունը դուրս է մնում նաեւ լիարժեք վերահսկողությունից, քանի որ Հաշվեքննիչ պալատը իրականացնելու է ընդամենը բյուջեի կատարողականի գնահատում, իսկ միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունը՝ ֆինանսական աուդիտ: Այսինքն, չի գնահատվելու ծախսվող միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը։

Հայեցակարգով փաստացի անտեսվում է ապահովագրվող անձի ընտրության իրավունքը՝ լիցենզավորված բուժհաստատություն ընտրելու հնարավորությունը՝ առանց վերջիններիս վրա կիրառվող սահմանափակումների։

Ինստիտուցիոնալ առումով առաջարկվում է կիրառել ԱՊՊԱ համակարգի մոդելը, ինչը պետական-մասնավոր արդյունավետ համագործակցության կայացած օրինակ է։

Այսպիսով, հարկ ենք համարում ընդգծել հետեւյալը․

- Կարեւոր է բացառել պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների ու ծառայությունների մենաշնորհացումը։

- Նկատվում է մտահոգիչ տենդենց, երբ էֆեկտիվ կարգավորում/դաշտ ստեղծելու անվան տակ պետությունը մասնավորից տանում է որեւէ գործառույթ պետական հատված։

- Արձանագրում ենք, որ մասնավոր հատվածի հետ քննարկումները կրում են զուտ ձեւական բնույթ՝ անտեսելով գործարար համայնքի արտահայտած կարծիքները եւ հիմնավորումները, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է իր ոչ թափանցիկ գործելաոճը», - ասվում է հայտարարությունում:

 

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հայեցակարգի նոր նախագիծ, որի համաձայն,  համակարգի ներդրումը կմեկնարկի արդեն այս տարի, և 2023 թվականը կդառնա "նախապատրաստական փուլ"։ Հաջորդ երեք տարիները՝ 2024-2026թթ.՝ "փորձարկումների փուլ" , իսկ չորրորդ տարվանից՝ 2027 թվից, նախատեսվում է ԱՀԱ ամբողջական ներդրում։ Նշվում է, որ ԱՀԱ համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները կներգրավվեն երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և ապահովագրավճարներից։ Պետբյուջեից միջոցները հատկացվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ ապահովագրական ծախսերը հոգալու համար ՝ հաշվի առնելով շահառուների սոցիալական եւ բժշկական ռիսկերը։

 

Անկախ փորձագետները հայեցակարգը համարել են թերի, անմշակ և հայտարարված նպատակներին ու խնդիրներին չհամապատասխանող: Մասնավորապես, Առողջապահության նախարարությունն առաջարկել է հայեցակարգը ՝ ոչ մի խոսք չասելով ոլորտում լրջագույն խնդիրների առկայության, դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին ։ Նոր փաստաթղթում նշված չէ ինչպես ապահովագրավճարի չափը, այնպես էլ աշխատավարձի կամ ֆիքսված գումարի տոկոսների տեսքով միջոցների հատկացման մեխանիզմը ։ Չի հստակեցվում նաև պետական մասնակցության բանաձևը։ Հայտնի է միայն, այն էլ՝ քննարկման ընթացքում փաստաթղթի մշակման աշխատանքային անդամի խոսքերից, որ նախնական գնահատմամբ, ըստ նրա, ակտուարական հաշվարկներով, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է վճարի տարեկան 150-200 հազար դրամ։ Սակայն թիվը վերջնական չէ և ենթակա է տարեկան վերանայման։ Փաստաթղթի հեղինակները ոչ մի խոսք չեն ասել նաեւ ոլորտում լրջագույն խնդիրների առկայության եւ դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին ։