
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում արձանագրված բարձր ցուցանիշներն ու ընթացիկ ծրագրերը:
Այնուհետև քննարկվել են այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն՝ կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա, փոքր և միջին ձեռնարկատիրություն և զբոսաշրջություն։
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-պորտուգալական առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։
Նշենք, որ Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 12.5 մլն դոլար, ինչը 54.4% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Հարկ է նշել, որ այդ ծավալի 99,9% - ը բաժին է ընկնում ներմուծմանը, որի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 64,4% - ով։