
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին։
Նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր:
Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես նաև կայուն և կանաչ տնտեսությանը (վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն)։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 122.4 մլն դոլար, ինչը 29.6%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Ընդ որում, արտահանումը նվազել է 7,8 տոկոսով ՝ մինչեւ 9,8 մլն դոլար, ներմուծումն աճել է 34,4 տոկոսով՝ մինչեւ 112,6 մլն դոլար: