Երկուշաբթի, 27 Փետրվարի 2023 18:54
Ալինա Հովհաննիսյան

Ֆրանսիական ՏՏ ընկերությունները ծանոթացել են Հայաստանի հետ համագործակցության ճյուղային հնարավոր ուղղություններին

Ֆրանսիական ՏՏ ընկերությունները ծանոթացել են Հայաստանի հետ համագործակցության ճյուղային հնարավոր ուղղություններին

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին:

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում կազմակերպված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» խորագրով թեմատիկ կլոր սեղան-քննարկման շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտային ընկերություններին տրամադրվող արտոնություններին, ստարտափների ներդրումների խթանման համար ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման գործընթացին, էկոհամակարգի բարելավման նպատակով ինկուբատորների և աքսելերատորների հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության ձևաչափին, բուհ-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնագետների ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին, առաջիկայում ՀՀ-ում կայանալիք ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին։

 

Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից ֆրանսիական մի շարք ընկերություններին, որոնք ցանկանում են տնտեսական գործունեություն իրականացնել Հայաստանում, կատարել ներդրումներ, ներկայացվել է Հայաստանի տնտեսական ներուժը, Ֆրանսիայի և Հայաստանի միջև ոլորտային համագործակցության ուղղություններն ու հեռանկարները։

 

Գագաթնաժողովը կազմակերպել էր Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը՝ Փարիզի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, «2021-2026 թվականների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի» շրջանակներում: