Չորեքշաբթի, 1 Մարտի 2023 10:52
Ալեքսանդր Ավանեսով

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Բարգուշատի թունելի շինարարության նախագծային մանրամասներին

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Բարգուշատի թունելի շինարարության նախագծային մանրամասներին

Արմինֆո. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում կառուցվելիք Բարգուշատի թունելի հյուսիսային պորտալ։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության համաձայն, ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը, Ալբերտո Սերդանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության ղեկավար Պաոլո Սպանտիգատին տեղում ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելի) ծրագծին, նախագծային մանրամասներին։

 

Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհը լինելու է երկրորդ տեխնիկական կարգի։ Այն կանցնի լեռնային բարդ ռելիեֆով, կներառի 27 կամուրջ ՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ, եւ 9 թունել ՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ (Բարգուշատի ամենաերկար թունելը ՝ շուրջ 8,6 կմ երկարությամբ): Այս նախագծով ավարտվել է միջազգային մրցույթի նախաորակավորման փուլը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 23 ընկերություններ Եվրոպայից, Չինաստանից և այլ երկրներից: ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսական աջակցության փաթեթից առաջիկա հինգ տարիներին 600 մլն եվրոն կուղղվի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցմանը: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը ։ 500 մլն դոլար արդեն տրամադրել է ԱԶԲ-ը ։ Ճանապարհի 60 կմ երկարությամբ հատվածը կլինի 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ։

 

"Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ։ Ճանապարհը զգալիորեն կհեշտացնի դեպի Սև ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար ։ Նախագիծը ելք կապահովի դեպի Սև ծով և դեպի եվրոպական երկրներ՝ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով ։ Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր ՝ 962 մլն դոլար, այսօր խոսքը մոտ 3 մլրդ դոլարի ներդրումների մասին է։