Հինգշաբթի, 16 Մարտի 2023 11:55
Ալինա Հովհաննիսյան

UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում

UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի (UNCCD -UN Convention to Combat Desertification)  նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները, հողային և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

 

Արման Խոջոյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերն ու իրականացվող բարեփոխումները։

 

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին:

 

Նշենք, որ մարտի 15-ին Երեւանում տեղի է ունեցել երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը եւ կարողությունների զարգացման տարածաշրջանային սեմինարը, որոնց նպատակն է մշակել արդյունավետ քաղաքական կուրս ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի(UNCCD) շրջանակներում եւ միջոցներ ձեռնարկել երաշտի հետեւանքով առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: