Երկուշաբթի, 20 Մարտի 2023 12:32
Ալինա Հովհաննիսյան

Հայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին

Հայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին

Արմինֆո.Հայկական 23 գինեգործական ընկերություններ մասնակցում են մարտի 19-21-ը Դյուսելդորֆում անցկացվող ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։

 

Աղբյուրի համաձայն, միջազգային ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանը ներկայացնող գինեգործական ընկերությունների համար բավական հագեցած և արդյունավետ է անցել:

 

Հաղորդվում է, որ Հայաստանի պատվիրակներին այցելել և ներկայացված հայկական գինիներին է ծանոթացել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

 

ProWein ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպվել է 1994 թվականին և տեղի է ունենում ամեն տարի գարնանը՝ Գերմանիայում։ Ցուցահանդեսը եզակի է նրանով, որ այցելուների մեծ մասը ճյուղային մասնագետներ են, ինչը ցուցահանդեսին մասնակցությունը դարձնում է ավելի արդյունավետ և նպատակաուղղված:

 

Հայ գինեգործները ProWein-ին մասնակցում են միասնական ազգային տաղավարի ներքո՝ Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ջանքերի շնորհիվ։

 

Ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 60 երկրների գինեգործական ձեռնարկություններ: 2022 թվականին միջոցառմանը մասնակցել են 5724 ցուցադրողներ 62 երկրներից և ավելի քան 38 հազար հյուրեր 145 երկրներից։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանում արտադրվել է

12.6 մլն լիտր գինի, որը 3.4%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Մինչդեռ, մեկ տարի առաջ գրանցվել էր 18,8 տոկոս աճ՝ ապահովելով 13 մլն լիտր ծավալ։

 

ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է ավելի քան 1.6 մլն լիտր գինի՝ տարեկան 14.7% աճով։ Ընդ որում, մաքսային արժեքը մեկ տարում աճել Է 15,5 տոկոսով՝ մինչեւ 5,8 մլն դոլար: Այդ ծավալից Գերմանիային բաժին է ընկնում 1,2 տոկոսը:-