Հինգշաբթի, 23 Մարտի 2023 22:55
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը

Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման և ներդրումային հնարավորություններին։

 

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2022 թվականին Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 84.3 մլն դոլար, ինչը 53.4% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Մասնավորապես, արտահանումն աճել է 8 անգամ՝ մինչեւ 285.6 հազար դոլար՝ ներմուծման 53 տոկոս՝ մինչեւ 84 մլն դոլար աճի դեպքում։