Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023 11:46
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կառավարությունը շուտով ձեռնամուխ կլինի Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության իրագործմանը

Հայաստանի կառավարությունը շուտով ձեռնամուխ կլինի Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության իրագործմանը

Արմինֆո.Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Շտիգեն» ընկերությունների խմբի կազմակերպած «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով համաժողովին:

 

Իր ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը համառոտ անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտեցումներին՝ ՀՀ-ում կանաչ տնտեսության զարգացման գործում մասնավոր և ինստիտուցիոնալ կապիտալի դերակատարությանը։

 

«Կառավարությունն ունի մշակած գործողությունների ծրագիր, որի առանցքային փաստաթղթերից է Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը, որը մշակման ավարտական փուլում է և շուտով կկարողանանք այն իրականացնել։ Բացի այս, ներկայում մշակվում է նաև կանաչ տաքսոնոմիան», - նշել է Վահան Քերոբյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, համաժողովի ընթացքում կայացել է նաև պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են կանաչ էներգետիկայի զարգացման միտումներն աշխարհում և ՀՀ-ում, կանաչ ֆինանսավորման մարտահրավերները, ինչպես նաև կենսաթոշակային և վենչուրային ֆոնդերի դերը դրանց հաղթահարման և մասնավոր կապիտալի ներգրավման գործում։

 

Հիշեցնենք, որ «Շտիգենը» հիմնադրվել է 2011 թվականին՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը բարձրացնելու, երկրում արտադրվող էներգիայի և մատուցվող ծառայությունների ինքնարժեքը նվազեցնելու, ինչպես նաև էկոլոգիան բարելավելու նպատակ: Ընկերությունն ապահովում է ավելի քան 150 աշխատատեղ։