Արմինֆո. Կենտրոնական բանկի ուշադրության հիմնական կիզակետերն են մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ենթակառուցվածքների ստեղծումը և տվյալները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Doing Digital համաժողովի ժամանակ։
Մասնավոր հատվածի հետ համագործակցության համատեքստում Մարտին Գալստյանը կարևորել է մասնավոր և պետական հատվածների միջև ռիսկերի հավասարաչափ բաշխումը՝ այդ առումով ընդգծելով մասնավոր հատվածի կողմից անորոշության հետ կապված ռիսկերի հաղթահարումը:
Խոսելով ենթակառուցվածքների ստեղծման մասին՝ ԿԲ ղեկավարն ընդգծել է, որ վերջիններս պետք է օգնեն ընկերություններին և տնային տնտեսություններին լինել ավելի արդյունավետ: «Եվ մեր երրորդ կիզակետը տվյալներն են: Ժամանակակից աշխարհում բիզնես մոդելները հիմնված են տվյալների վրա: Եվ, հետեւաբար, մենք պետք է համոզվենք, որ սպառողական համակարգերում ունենք հավասար պայմաններ", - նշել է Գալստյանը։
Նա նշել է, որ ԿԲ-ը կենտրոնացել է նաև հարկաբյուջետային շրջանակների ընդլայնման վրա։ Սա, ԿԲ նախագահի խոսքով, նախատեսում է մտածողության լուրջ փոփոխություններ։ «Մենք փորձում ենք ապագայի կանխատեսումներից անցում կատարել հնարավոր սցենարներին և ռիսկերի կառավարմանը։ Բայց մենք չպետք է միայնակ լինենք այդ ճանապարհին, այդ պատճառով ներգրավում ենք մասնավոր հատվածին, որպեսզի նրանք էլ կարողանան ամուր ենթակառուցվածքներ ստեղծել", - պարզաբանել է Գալստյանը։ ԿԲ ղեկավարը խոսել է նաև ազգային բանկային ID համակարգի ստեղծման ծրագրերի մասին՝ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր օգտագործման համար, կիբերանվտանգության հնարավորություններում ներդրումների մասին՝ ինչպես համակարգերի և գործընթացների, այնպես էլ կադրերի համատեքստում: "Մենք մոբիլիզացնում ենք հանրային եւ մասնավոր հնարավորությունները կիբեռանվտանգության կայուն շերտի ապահովման համար", - ասել է նա: Կենտրոնական բանկը, ինչպես նշել է Մարտին Գալստյանը, նախաձեռնել է նաեւ առկա վճարային ենթակառուցվածքի գնահատում ։ "Մենք ցանկանում ենք ամրապնդել համակարգերը, որպեսզի դրանք լինեն հաստատուն, ամուր և ինտեգրված, որպեսզի կարողանան բավարարել Հայաստանի բոլոր քաղաքացիների կարիքները", - հավելել է նա:
Միևնույն ժամանակ, ԿԲ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թվային տնտեսության ոլորտում գործառնությունները շարունակում են աճել, ինչը կարող է սպառնալիք լինել ֆինանսական կայունության համար: Հաշվի առնելով այս ռիսկերը՝ ԿԲ-ը նախատեսում է իրական ժամանակում ստեղծել արդյունավետ գործիքներ, որոնք թույլ կտան արձագանքել ֆինանսական կայունության հետ կապված դժվարություններին: Այդ առնչությամբ Գալստյանը պատմել է, որ այս պահին քննարկվում է ծառայություններ մատուցող ընկերությունների դերի բարձրացման հնարավորությունը ռիսկերի հաղթահարման համատեքստում:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Երևանում մեկնարկել է The Doing Digital Forum (https://doingdigital.am /), որը մեկտեղել է թվային փոխակերպման ոլորտի ավելի քան 20 առաջատար միջազգային և հայաստանյան փորձագետների: Ֆորումի կազմակերպիչն է SPRING PR-ը, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի գլխավոր բանախոսը թվային տրանսֆորմացիայի և ֆինանսական տեխնոլոգիաների միջազգային հայտնի փորձագետ Քրիս Սքիներն է:
Միջոցառումը նպատակ ունի մեկ հարթակում հավաքել ոլորտի առաջատարներին ՝ թվային փոխակերպման վերջին միտումները բացահայտելու և լավագույն փորձը կիսելու համար: DDF-ը ձգտում է դառնալ լավագույն հարթակ նոր գաղափարների և տեխնոլոգիաների բացահայտման, մասնագիտական կապերի ձևավորման համար: Համաժողովի շրջանակներում ելույթ կունենան և բիզնեսի և թվային տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքները, տեսլականը կներկայացնեն նաև Արմեն Հարությունյանը (Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան), Դևիդ Կինչեմը (McKinsey), Ելենա Թոֆանյուկը (Forbes Russia), Դիլան Կալունը (Visa), Ներսես Երիցյանը ("Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն" հիմնադրամ): DDF ձեւաչափի բանախոսների թվում են նաեւ Ռուբեն Մուրադյանը (Hexens), Վախթանգ Աբրահամյանը (Fastex), Վաչիկ Գեւորգյանը (Apricot Capital), Տիգրան Սիմոնյանը (Revytech), Արարատ Մկրտչյանը (Beta Financial Technologies), Մաքսիմ Միխալեւը (ICDT Global), Սյուզաննա Շամախյանը (FAST) եւ այլոք: