
Արմինֆո. Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում հայ-թուրքական սահմանին մաքսային ընթացակարգերի ճկուն գործարկման համար։ Այդ մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնելով երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար միջպետական սահմանի բացման շուրջ բանակցությունների մասին՝ Բադասյանը նշել է, որ կոմիտեն այժմ պետական այլ մարմինների հետ միասին անում է հնարավորը, որպեսզի հնարավորինս արագ սահմանային անցակետը գործի՝ եթե համապատասխան որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին օդային բեռնափոխադրումների կարգավորման և երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանի բացման մասին։ 2023 թվականի հունվարին վերացվեց երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։
2023 թվականի փետրվարին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել էր, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքի մասին՝ սահմանի ամբողջական բացման նախաշեմին։
Ընդ որում, Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի լիարժեք բացման։