Երկուշաբթի, 17 Ապրիլի 2023 22:22
Ալինա Հովհաննիսյան

Գերմանական GP Papenburg շինարարական կոնցեռնը ծանոթացել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ճանապարհաշինության ոլորտում

Գերմանական GP Papenburg շինարարական կոնցեռնը ծանոթացել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ճանապարհաշինության ոլորտում

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է գերմանացի գործարար Կլաուս Պապենբուրգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլոթերը։ 

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը կարևորում է գերմանական ընկերությունների հետ համագործակցությունը և բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում գերմանացի գործարարներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել տարածաշրջանում, այդ թվում՝ ՏՏ, վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում: 

 

Հանդիպմանը ներկա էր նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը, ով հյուրերին ներկայացրել է Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրները, կիրառվող տեխնիկան և նորարարական տեխնոլոգիաները, գրանցած հաջողությունները և հեռանկարների տեսլականը։ 

 

ՀՀ պատվավոր հյուպատոսը, բարձր գնահատելով հայկական կողմի պատրաստակամությունը հանդիպան կազմակերպման հարցում, ընդգծել է, որ Հայաստանի ներգրավումը որպես երկկողմ և հուսալի գործընկեր հանդիսանում է բիզնես պատվիրակության առանցքային հեռանկարը։ 

 

Կլաուս Պապենբուրգը ներկայացրել է ԳՊ Պապենբուրգ շինարարական ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և միջազգային համագործակցության փորձը Ղազախստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Եվրոպական մի շարք երկրներում։

 

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ գերմանական ընկերությունների կողմից իրականացրած ճանապարհաշինական աշխատանքների որակը և կիրառված տեխնոլոգիաները, որոնք պահանջված են նաև Հայաստանում, մշտապես զբաղեցնում են որակապես բարձր դիրքեր միջազգային շուկայում։ 

 

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը առաջարկել է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցութային գործընթացներին։