
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է 2023 թվականի բյուջեին: Կառավարության հաղորդագրության համաձայն, Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Խորհրդարանում առիթ ունեցա ասելու, որ մենք 2023 թվականի ապրիլին ունենք շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ, ունենք նաև պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ: Ընդ որում, այսօր ապրիլի 27-ն է, և դեռ մի քանի օր էլ այդ ցուցանիշը կբարելավվի: Բայց երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 միլիարդ դրամ: Օրինակ, 2022 թվականին, որը նույնպես բավականին հաջող տարի է: 2021 թվականին ընդունված 2022 թվականի բյուջեով ինչ-որ պլանավորել ենք՝ հավաքագրել ենք շուրջ 80 միլիարդով ավելի հարկային եկամուտներ: 2022 թվականի ապրիլին հավաքագրել էինք 231 միլիարդ, իսկ 2022 թվականի ապրիլին արդեն իսկ երեկվա դրությամբ հավաքագրել ենք 295 միլիարդ դրամ, որը բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ: Ապրիլի 1-ից 26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 միլիարդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: Համեմատության համար ասեմ, որ 2022 թվականի ապրիլին վճարվել է 98 միլիարդ դրամ շահութահարկ: Այսինքն՝ այս տարվա ցուցանիշը դեռ չավարտված ամսով նախորդ տարվա համեմատ ավելի է 59.7 միլիարդ դրամով: Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեր բոլոր մարտահրավերներին արձագանքում են ամենօրյա աշխատանքով: Խորհրդարանում քննարկման ժամանակ, երբ հարց ծագեց, թե ո՞նց պետք է լուծենք մեր խնդիրները, մենք նշեցինք 2 անկյունաքարային կետ, մեկն աշխատանքն է, մյուսը՝ կրթությունը փոխկապակցված: Եվ ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսավարողներին, գործարարներին, ովքեր արձագանքում են հենց մեր պատկերացումների շրջանակում, որովհետև սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, և մենք տեսնում ենք կոնկրետ արդյունքները»: