
Արմինֆո. Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Այդ մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում:
«Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախազգուշացման փակել էր իր օդային տարածքը հայկական Flyone Armenia ավիաընկերության դեպի Եվրոպա չվերթների համար: Ավիափոխադրողի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի ասելով, անհասկանալի պատճառներով և առանց որևէ ակնհայտ հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախնական ծանուցման չեղյալ են հայտարարել նախկինում Flyone Armenia ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու թույլտվությունը: Ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և ապրիլի 30-ի գիշերը՝ արդեն "Զվարթնոց" օդանավակայանում:
Նշենք, որ նման բան առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի մայիսին, Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը հնարավորություն չտվեցին թռիչքներ իրականացնել (overflight) դեպի եվրոպական երկրներ ՝ իրենց օդային տարածքով ։ Ստեղծված իրավիճակի պատճառով ավիաընկերությունը ստիպված էր մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ չվերթները:
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2021թ. հոկտեմբերին ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է երկնիշ IATA 3F կոդ և եռանիշ ICAO FIE կոդ: