Արմինֆո. "Մեղրի" հսկիչ-անցագրային կետի շինարարության մեկնարկին ՀՀ կառավարությունը կհատկացնի 2,219,5 մլն եվրո։ Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում։
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված վարկային ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների իրականացմամբ: Նախագծի իրականացման նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարվել է շինարարական աշխատանքների կապալառուի ընտրության միջազգային մրցույթ: Ապրիլի 5-ին տեղի է ունեցել 3 կազմակերպությունների մրցութային հայտերի բացումը: Հայտերի արդյունքներն ամփոփվել և ներկայացվել են ՎԶԵԲ-ին, ինչի արդյունքում հունվարի 27-ին իրանական "TANA ENERGY MANAGEMENT" կազմակերպության հետ կնքվել է շուրջ 22 194,7 մլն եվրոյի պայմանագիր՝ ներառյալ ԱԱՀ: Պայմանագրի համաձայն, շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է կապալառուին փոխանցել կանխավճար՝ պայմանագրում նշված գնի 10% - ի չափով, այն է՝ 2 219,5 մլն եվրո, ինչն էլ արվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Պայմանագրում նշված կանխավճարը կապալառուին պետք է հատկացվի 2023 թվականի բյուջետային տարվա առաջին կիսամյակում:
Նշենք, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, ինչի արդյունքում Հայաստանի հարավում կհայտնվի ևս մեկ ժամանակակից անցակետ: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրամիությունը Հայաստանին 21,1 մլն եվրո կտրամադրեն Իրանի հետ սահմանին "Մեղրի" անցակետի արդիականացման համար: Այդ գումարից ՎԶԵԲ-ը հանրապետությանը կտրամադրի 10,6 մլն եվրո վարկ Libor+1% պայմաններով, ինչը կիսամյակային կտրվածքով կազմում է 1,7%: Ֆինանսավորման մեծ մասը կապահովվի Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցների հաշվին՝ 10,6 մլն եվրո և 700 հազար եվրո: Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին: Ծրագրի իրականացման արդյունքում անցակետը կընդլայնվի ներկայիս 6,6 հա-ից մինչև 8,8 հա։ Թողունակությունը օրական 300 մեքենայից կհասնի 900-ի։