Ուրբաթ, 12 Մայիսի 2023 15:38
Ալինա Հովհաննիսյան

"ԱրմԻնֆո" ԼԳ աշխատակիցները պարգևների են արժանացել Հայաստանի բանկերի միության կողմից՝ ֆինանսաբանկային ոլորտի լուսաբանման գործում պրոֆեսիոնալ աշխատանքի համար 

"ԱրմԻնֆո" ԼԳ աշխատակիցները պարգևների են արժանացել Հայաստանի բանկերի միության կողմից՝ ֆինանսաբանկային ոլորտի լուսաբանման գործում պրոֆեսիոնալ աշխատանքի համար 

Արմինֆո. Կարևորելով ֆինանսաբանկային ոլորտում անաչառ, արժանահավատ և փաստերի վրա հիմնված տեղեկատվության տրամադրումը լայն հասարակայնությանը՝ Հայաստանի բանկերի միությունը չորրորդ տարին անընդմեջ անցկացնում է լավագույն հրապարակումների սահմանման մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել գիտնականներին, փորձագետներին, լրագրողներին իրենց աշխատանքում լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները:

 

Ժյուրին, որի կազմում ընդգրկվել են Հայաստանի բանկերի ներկայացուցիչները, որոշել է 2022 թվականի արդյունքներով լավագույն հրապարակումները երեք անվանակարգերում. "Լավագույն գիտական հոդված", "Լավագույն վերլուծություն" և "Լավագույն լրագրողական նյութ"։ Բացի այդ, բանկերը սահմանել են հատուկ անվանակարգեր և խրախուսական մրցանակներ:

 

Մասնավորապես, ֆինանսաբանկային ոլորտում բազմամյա փորձի եւ ակտիվ վերլուծական աշխատանքի համար Արդշինբանկի, Հայբիզնեսբանկի եւ Evocabank-ի կողմից հատուկ անվանակարգի է արժանացել "ԱրմԻնֆո" ԼԳ ֆինանսական լրատվության ծառայության ղեկավար Կարինա Մելիքյանը:

 

Միաժամանակ, "ԱրմԻնֆո" ԼԳ թղթակից, տնտեսական լրագրող, Տնտեսական լրագրողների ակումբի անդամ Նաիրա Բադալյանը հաղթող է ճանաչվել "Լավագույն լրագրողական նյութ "անվանակարգում' ԱրմԻնֆո-ում բանկային գաղտնիքի մասին հոդվածի համար:

 

Շնորհավորելով մրցույթի հաղթողներին ՝ ՀԲՄ նախագահ, "Արարատբանկ" ԲԲԸ նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մհեր Անանյանը շնորհակալություն է հայտնել լրագրողական համայնքին, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին երկարամյա արդյունավետ համագործակցության համար: «Ձեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ առողջ և ֆինանսապես գրագետ հասարակություն ձևավորելու հարցում: Վստահ եմ, որ հետագայում ևս մենք կապահովվենք որակյալ և հավաստի տեղեկատվությամբ, և կպահպանվի ինչպես մրցույթի մասնակիցների, այնպես էլ ներկայացված հայտերի թվի աճի միտումը: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նորանոր հաղթանակներ», - ասել է նա։

 

Իր հերթին՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ միշտ չէ, որ ԶԼՄ-ներում, մասնավորապես ֆինանսաբանկային թեմատիկայով հրապարակվող տեղեկատվությունն անաչառ է, արժանահավատ և համակողմանի ներկայացված: "Փոխարենը՝ մենք հանդիպում ենք տեղեկատվության, որը մոլորեցնում է հասարակությանը", - նշել է նա:

 

«Չնայած այն հանգամանքին, որ բանկային համակարգը և նրա գործունեության մասին տեղեկատվությունը բաց և հանրամատչելի է, միշտ անհրաժեշտություն կա այն հանրությանը ներկայացնել առավել մատչելի և հասկանալի ձևով: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է ոլորտը լուսաբանող ակադեմիական շրջանակների և լրագրողների ներուժի ներգրավումն ու օգտագործումը: Հենց այդ նպատակով էլ ամեն տարի անցկացվում է մեր մրցույթը", - նշել է Սարգսյանը։ Այդ կապակցությամբ ՀԲՄ գործադիր տնօրենը միության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների հետ:

 

Հավելենք, որ "Լավագույն գիտական հոդված" անվանակարգում հաղթող են ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասպիրանտ Արմեն Համբարձումյանը և Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի ուսանող Մեսրոպ Մեսրոպյանը, ովքեր ներկայացրել են "Վերահսկողական սթրես-թեստավորումը՝ որպես Հայաստանի առևտրային բանկերի ֆինանսական ռիսկերի կառավարման նոր գործիք" թեմայով գիտական հոդվածը:

 

Լավագույն վերլուծական նյութ է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ. գ. թ. Էդգար Աղաբեկյանի աշխատանքը՝ «Կենսաթոշակային հիմնադրամների եկամուտների նվազման հիմնական պատճառները, կամ՝ ո՞վ է մեղավոր»:

 

Նշենք, որ բոլոր հաղթողներն արժանացել են պարգեւների և հավաստագրերի՝ Հայաստանի բանկերի միության կողմից: