Շաբաթ, 13 Մայիսի 2023 12:41
Ալինա Հովհաննիսյան

Պրահայում տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողով

Պրահայում տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողով

Արմինֆո.Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության  միջև առևտրի, ներդրումների և գործարար կապերի զարգացմանը նվիրված գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, գործարար համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ  Էդվարդ Կոժուշնիկը։

 

Չեխիայի առևտրի պալատի փոխնախագահ Ռադեկ Յակուբսկին և Չեխիայի Արդյունաբերության համադաշնության փոխնախագահ Ֆրանտիշեկ Չալուպեցկին ներկայացրել են Չեխիայում բիզնես վարելու, ներդրումներ և տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ Հայկական կողմից շնորհանդեսով հանդես է եկել «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչը։

 

Համաժողովի շրջանակում շնորհանդեսներ են ներկայացրել նաև «Թումո» կենտրոնի, «Jasmine Home Textile»-ի և «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։

 

Գործարար համաժողովի ավարտին երկու երկրների գործարար շրջանակների միջև տեղի են ունեցել B2B հանդիպումներ, որոնց ընթացքում հայ և չեխ գործարարները հնարավորություն են ունեցել ձեռք բերել պայմանավորվածություններ՝ անմիջական շփումների և նոր գործարար կապերի հաստատման վերաբերյալ։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին աճել է 82,9% - ով՝ կազմելով 38,5 մլն դոլար։ Սակայն, արտահանումը կրճատվել է 22,8%-ով, մինչև 1,9 մլն դոլար՝ ներմուծման գրեթե 2 անգամ՝ մինչև 36,6 մլն դոլար աճի դեպքում: