Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023 16:53
Ալինա Հովհաննիսյան

Գերմանիան մտադիր է աջակցել Հայաստանին տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման գործում. ՏԿԵՆ-ում հաղորդել են ծրագրի գործարկման մասին

Գերմանիան մտադիր է աջակցել Հայաստանին տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման գործում. ՏԿԵՆ-ում հաղորդել են ծրագրի գործարկման մասին

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մայիսի 16-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել Գերմանիայի տնտեսական համագործակ­ցու­թ­յան և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ Հայաստանում նոր երկկողմ ծրագրի պլանավորման, կարիքների ու առաջնահերթությունների հատկորոշման նպատակով: 

 

Ինչպես հաղորդում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը, 2024 թվականին մեկնարկող երկկողմ ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ում տեղա­կան ինք­նա­կա­ռավարման համակարգի հզորացմանն ու ՀՀ համայնքներին արդ­յու­նավետ և քաղաքացիակենտրոն տեղական զարգացման պլանավորմանն ու իրականացմանը, տեղական ինքնակառավարման ոլորտում պետական քաղաքականության մշակմանը, համայնքային դերակատարների կարողությունների բարելավմանն ու տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը: 

 

Վաչե Տերտերյանն իր խոսքում ընդգծել է Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունն ու Հայաստանի համայնքների զարգացման ոլորտում ԳՄՀԸ ցուցաբերած աջակցությունն ու բազմամյա համագործակցությունը, մասնավորապես՝ ներկայումս Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: