Երկուշաբթի, 5 Հունիսի 2023 14:54
Կարինա Մելիքյան

Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր "Telecom Armenia" ԲԲԸ - ն դուրս է գալիս IPO

Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր "Telecom Armenia" ԲԲԸ - ն դուրս է գալիս IPO

Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության օպերատոր "Telecom Armenia" ԲԲԸ-ն հայտարարում է IPO-ին դուրս գալու մասին և սկսում է  "Ա" դասի 40 մլն հասարակ անվանական բաժնետոմսերի թողարկումը՝ 8.240 մլրդ դրամ թողարկման ծավալով: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 100 դրամ է, իսկ տեղաբաշխման գինը սահմանվել է 206 դրամ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված "Telecom Armenia" ԲԲԸ բաժնետոմսերի թողարկման ազդագրում։

 

Փաստաթղթի համաձայն, բաժնետոմսերի թողարկումը տեղի կունենա ազդագրի գրանցման պահից (31.05.2023 թ.) հինգերորդ աշխատանքային օրը, այսինքն, հունիսի 7-ին, իսկ բաժնետոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 31-ին։

 

Այսպիսով, Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերությունը կյանքի է կոչում իր հավակնոտ ծրագրերը. ընթացիկ տարվա հունվարին ՓԲԸ-ից վերաձեւաաակերպվելով ԲԲԸ, ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման (IPO) դուրս գալու մասին: Որպես տեղաբաշխող հանդես կգա Ամերիաբանկը:

 

Թողարկման ազդագիրը գրանցման ներկայացնելու պահին ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 18.838 մլրդ դրամ' բաշխված 188 377 090 "Բ" դասի հասարակ անվանական բաժնետոմսերի' յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով: Ընկերության ակտիվները 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 70.4 մլրդ դրամ, իսկ կապիտալի համարժեքությունը (սեփական կապիտալի հարաբերակցությունը ընդհանուր ակտիվների նկատմամբ) հասել է 46% - ի ։ Սեփական կապիտալը ընկերությունը 2022 թվականին ավելացրել է 31,3% - ով՝ մինչև 31,3 մլրդ դրամ։

 

"Telecom Armenia" ԲԲԸ-ն իր միանձնյա բաժնետիրոջ՝ ի դեմս "Team" ՓԲԸ-ի, ինչպես նաև իրեն ենթակա "Team Solutions" ՓԲԸ-ի, "Team Pay" ՓԲԸ-ի, " Team  Systems" ՓԲԸ-ի հետ հանդիսանում է մեկ խմբի անդամ: Խմբի բաժնետերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնցից յուրաքանչյուրին պատկանում է 50-ական տոկոս:

 

2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Telecom Armenia ընկերությունն ուներ բջջային կապի 951 967 բաժանորդ, ֆիքսված կապի 320 223 բաժանորդ, իսկ FTTH (Fiber To The Home) բաժանորդների թիվը կազմել է 8 653 (2023 թվականի առաջին եռամսյակին 29% աճով)։ Ընկերությունը մտադիր է ընդլայնել LTE ինտերնետի ծածկույթը, ինչպես նաև Հայաստանում ներդնել 5G ցանց, ինչի համար ս.թ. մարտին ստացել է 700 ՄՀց  միջակայքում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն: Ակտիվ փուլում են  բարձր արագության օպտիկամանրաթելային ցանցի ընդլայնման աշխատանքները, որի համար լրացուցիչ լիցենզիաներ/թույլտվություններ պետք չեն: Ընկերությունում 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատում է 1911 աշխատակից (մեկ տարի առաջվա 1899-ի դիմաց)։

 

2022 թվականին Telecom Armenia ընկերությունը 2,5 անգամ ավելացրել է զուտ շահույթը՝ մինչեւ 8,7 մլրդ դրամ։ 2022 թվականին ստացված 34.6 մլրդ դրամ հասույթի գերակշիռ մասը ձևավորվել է բջջային կապի և ֆիքսված կապի ծառայություններից, համապատասխանաբար, 47% և 42%։

 

Նշենք, որ Telecom Armenia-ն (https://www.telecomarmenia.am/hy/) հեռահաղորդակցական ընկերություն է, որը Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է ինտերնետ, թվային հեռուստատեսություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ: 2021 թվականից ընկերությունը ձեռնամուխ է եղել տարածաշրջանում եզակի NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը, որը հագեցած է 25G-PON տեխնոլոգիայով և ապահովում է 25 ԳԲ/վ արագություն։ Ընկերությունն ավելի մատչելի է դարձրել ռոումինգն աշխարհի 100 երկրներում, ՎԶԵԲ-ից (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ), IFC-ից (International Finance Corporation) եւ Ամերիաբանկից ներգրավել է, ընդհանուր առմամբ, 45 մլն դոլարի ֆինանսավորում, որի մի մասն արդեն ուղղվել է Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը: Առաջիկայում այդ ցանցին կմիանան Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ բջջային կապի որակը զգալիորեն կբարելավվի:

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին "Team" ՍՊԸ-ը ձեռք է բերել "VEON Armenia" ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) բաժնետոմսերի 100% - ը, որն, իր հերթին, հանդիսանում էր 1995 թվականին հիմնադրված "Armenia Telefon Company" (ArmenTel) ՓԲԸ-ի իրավահաջորդը։ 2020 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել անվանափոխություն "Telecom Armenia" ՓԲԸ-ի, իսկ 2023 թվականի հունվարին ընկերությունը հայտարարել է կարգավիճակըի ՓԲԸ-ից ԲԲԸ-ի փոխելու մասին։