Երեքշաբթի, 6 Հունիսի 2023 20:19
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարություն. Երասխի նոր մետալուրգիական գործարանը կզբաղվի սեւ մետաղների, ամրանների, պողպատե անկյունակների եւ խողովակների արտադրությամբ

Էկոնոմիկայի նախարարություն. Երասխի նոր մետալուրգիական գործարանը կզբաղվի սեւ մետաղների, ամրանների, պողպատե անկյունակների եւ խողովակների արտադրությամբ

Արմինֆո. Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հայտարարած Երասխի մետալուրգիական նոր գործարանն զբաղվելու է սեւ մետաղների, ամրանների, պողպատե անկյունակների եւ խողովակների արտադրությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

 

Տրամադրված տեղեկատվության համաձայն,  մետաղագործական արտադրությունը գործարկվելու է հայ-ամերիկյան GTB STEEL ՍՊԸ ձեռնարկության կողմից, որը ստեղծվել է Հայաստանում՝ անցած տարի:

Ձեռնարկությունն արդեն անցել է ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) բոլոր ընթացակարգերը և կհամալրվի ժամանակակից արտադրական հզորություններով:

 

Ինչպես ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հաղորդել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։ «Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000», - գրել էր նախարարը։

 

Նշենք, որ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեեստրի տվյալներով՝ GTB STEEL-ը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը։ Ձեռնարկության սեփականատերերն են ԱՄՆ քաղաքացի Բոբի Քանգը և ՀՀ քաղաքացի Նոնո Սարգսյանը: Ձեռնարկության տնօրենն է Տիգրան Հակոբյանը: