
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 19-ին ընդունել է գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։
Նախարարության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը Իսպանիայից Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) ու Իսպանիայի Առևտրային պալատի կողմից կազմակերպվող Ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական աջակցության գործիքակազմը, իսկ պատվիրակության անդամները՝ գյուղատնտեսության ոլորտում իրենց արտադրանքն ու ծառայությունները։
Այնուհետև կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների, ոռոգման արդիական համակարգերի, պարարտանյութերի արտադրության ոլորտներում։
Արման Խոջոյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել երկկողմ համագործակցության բոլոր առաջարկները և աջակցել հնարավոր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդել էր Երևանում ագրոարդյունաբերական համաժողովին իսպանական 8 գյուղատնտեսական ձեռնարկությունների մասնակցության մասին, որոնք աշխատում են ջերմոցային տնտեսությունների արտադրության, ոռոգման համակարգերի, պարարտանյութերի, բույսերի համար տվիչների, խաղողի այգիների և այլ այգիների համար վանդակաճաղերի արտադրության ոլորտներում:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-ապրիլին կրճատվել է 5,4%-ով՝ մինչև 27,5 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 2,7 անգամ՝ մինչև 3,3 մլն դոլար՝ ներմուծման 13%, մինչև 24,2 մլն դոլար անկման ֆոնին։