Արմինֆո.Սյունիքում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքները թևակոխում են գործնական փուլ։ Այդ մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում։
Մասնավորապես, տեսանյութում խոսքը "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի՝ Սիսիան - Քաջարան (Տրանշ-4) 60 կմ երկարությամբ ամենաբարդ և թանկարժեք հատվածի մասին է, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար: Այդ հատվածում կկառուցվի 27 կամուրջ՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ, և 9 թունել՝ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ, որոնցից մեկը կլինի ամենաերկարը Հայաստանում (8 կմ երկարությամբ):
Չնայած այդ հատվածի բարդ ռելիեֆին, այս մայրուղու վրա հնարավոր կլինի զարգացնել մինչև 100 կմ/ժամ արագություն: Պատասխանատուների ասելով, դա կլինի 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհ, որը ճանապարհի տևողությունը կկրճատի մոտ 2 ժամով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նշել են, որ այսօր 23 միջազգային շինարարական ընկերություններ սպասում են մրցույթի արդյունքներին ՝ շինարարական աշխատանքները սկսելու համար: Հաղթող ընկերությունը պարտավորվում է Սիսիան-Քաջարան ճանապարհը շահագործման հանձնել 6 տարի հետո:
Ֆինանսավորումն իրականացնում են Ասիական զարգացման բանկը, ԵՄ-ը՝ Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ:
Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ: Ճանապարհն էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ Մինչդեռ, 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր՝ 962 մլն դոլար, այսօր խոսք է գնում շուրջ 3 մլրդ դոլարի ներդրումների մասին։