Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։
ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը Վերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումների և հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիները, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես, սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։
Ավելի վաղ՝ ս․թ․ հունիսի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ տալու առնչությամբ: